”Կյանք ու կռիվ”

”Կյանք ու կռիվ”

«Կյանք ու կռիվ», ռեժիսոր Մհեր Մկրտչյանի 2016 թվականին նկարահանած մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին:

 

Ֆիլմը պատմում է 4 ընկերների, որոնց ընկերությունը սկսվել է դեռևս դպրոցական տարիներից, և նրանց 2 քույրերի մասին: Դեպքերը զարգանում են 1990-1992 թվականներին: Ֆիլմում ներկայացված է, թե այդ տարիներին ինչպես են դասավորվել չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը: Ֆիլմի 25-ամյա հերոսները, որոնց ընկերությունը ծնվել է դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը:
Արմենը թարգմանիչ է՝ կադրային զինծառայողի որդի: Տիգրանը մաթեմատիկայի ուսուցիչ է և դասավանդում է գյուղական դպրոցում՝ բանակում ծառայելուց խուսափելու համար: Էդուարդը նկարիչ է: Նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ: Լևոնը վիրաբույժ է և արդեն երկար տարիներ ապրում է Մոսկվայում, որտեղ նրա հայրը կլինիկա է ղեկավարում: Ընկերները սիրահարված են Աննային՝ Արմենի քրոջը: Եվ, որպեսզի ամեն բան ազնվորեն լինի, պայմանավորվում են, որ աղջկա սիրտը գրավելու համար երեքից յուրաքանչյուրն ունի ընդամենը երեք ամիս: Ոչ մեկը մյուսին խանգարելու իրավունք չունի:
Պատերազմի ժամանակ տեղի է ունենում տխուր իրադարձություն: Գնդապետ Տեր-Զաքարյանի (Արմենի հայրը) անփույթ սխալի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում: Արմենը կամավոր մեկնում է պատերազմ: Լևոնի ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատված Աննան մեկնում է Մոսկվա, ուր և շուտով ամուսնանում է նրա հետ: Տիգրանը մնում է մենակ՝ առանց սիրած աղջկա, և նրան այլևս անիմաստ է թվում գյուղական ուսուցչի կերպարը: Եվ նա ընկերոջ ետևից մեկնում է ռազմաճակատ՝ Երևանում թողնելով հարազատներին (խիստ ու բազմակողմանի զարգացած պապին և խուլ ու համր քրոջը՝ Սոֆիին): Երիտասարդ տղաները դեռևս չեն գիտակցում, որ 25 տարի անց հենց իրենց սերունդն է նույնացվելու անկախ Հայաստանի առաջին քայլերի հետ՝ իրենց բոլոր սխալներով, հավատով և ռոմանտիզմով հանդերձ:
Միախառնվում են թեթև հումորը և պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը: Մի անգամ Տիգրանը նկատում է, թե ինչպես է հատուկ նշանակության ջոկատի սպաներից մեկը՝ Արմանը, մարտից առաջ սովորում խուլ ու համրերի՝ ժեստերի լեզուն: Նա սովորում է այդ լեզուն, որպեսզի կարողանա շփվել այն աղջկա հետ ում սիրահարվել է: Տիգրանը հասկանում է, որ խոսքը վերաբերում է իր քրոջը՝ Սոֆիին: «Եթե մարտից առաջ քո մեջ ուժ ես գտնում սովորելու այդ լեզուն,- ասում է Տիգրանն Արմանին, – ապա աշխատիր չզոհվել»: Ճակատամարտերից մեկի ժամանակ Տիգրանը հանդիպում է Արմենին, որին ամբողջ ժամանակ փնտրում էր:
Քաղաքի սովորական տղան դառնում է հերոս՝ պատերազմի հերոս, նաև՝ ֆիլմի հերոս: Հերոս, որին հանդիսատեսը հասցնում է սիրել ու ապրումներ ունենալ նրա համար:

Ֆիլմում օգտագործվել են վավերագրական կադրեր Շուշիի ազատագրումից: Պատերազմական տեսարաններին իրական շունչ փոխանցելու համար կիրառվել է իրական զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ ու այլ զինամթերք։ Նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Գորիսում, Արցախում, Իջևանում և այլ վայրերում

 

Դերերում

  • Սամվել Թադևոսյան – Տիգրան
  • Անի Խաչիկյան – Աննա
  • Հայկ Պետրոսյան – Լևոն
  • Սամվել Թոփալյան – Արման
  • Հայկ Մարգարյան՝ ՀՏ Հայկո – Արմեն
  • Ռուդիկ Մարտիրոսյան – Էդո
  • Էլեն Սարգսյան – Սոֆի
  • Նանոր Պետրոսյան – Սալբի
  • Գեորգի Հովակիմյան – Սուրեն
  • Նելլի Խերանյան – Աննա
  • Էդմոնդ Պողոսյան – Գնդապետ Տեր-Զաքարյան
  • Հայկ Կլեկչյան – Տոֆիկ
  • Գեորգի Թերջանյան – Այազ
loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE